Հին վարսավիրանոց
Վարսավիրանոցն իր կոլորիտով եզակի է: Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին հիմնադրված վարսավիրանոցը «սովետի» շունչը պահել է մինչև այսօր. այստեղ ոչինչ չի նորացվել՝ այցելուի աթոռից մինչև այցելուին սպասարկող վարսավիրի մասին ցուցանակ: Իսկ թե ինչպես են այստեղ մինչ օրս ջուրը տաքացնում հաճախորդի գլուխը լվանալու համար, դժվար չէ կռահել. դույլերն ու ջրաեռուցիչը խոսուն վկաներ են: Վարպետները, հպարտությամբ ցույց տալով իրենց սանրերը կամ սափրիչը, շտապում են մեկը մյուսից առաջ ընկնելով պարծենալ, թե իրենց սանրը քանի տարեկան է: Մազ կտրող էլեկտրական սարքեր կան, որ բոլորել են 45 տարին. գերմանական սարքերը կատարյալ են աշխատում մինչև այսօր:
Վարսավիրանոցը միայն տղամարդկանց համար է. ժամանակին նաև կանանց սրահ է գործել, բայց կանայք ընկել են նորաձևության հետևից ու գերադասել գեղեցկության նորաբաց սրահները: Այդ տարածքը ստիպված են եղել վաճառել, իսկ տղամարդկանց հատվածը պահպանվել է հենց այն նույն կոլորիտով, ինչ եղել է ի սկզբանե:
Տղամարդկանցից շատերն ավելի պահպանողական լինելով շարունակում են այս վարսավիրանոց այցելել, շատերին առաջին անգամ վարսավիրանոց են բերել նրանց պապերը, հիմա էլ արդեն իրենք են թոռներին բերում: Վարսավիրներից շատերն արդեն 30-40 տարի է այստեղ են աշխատում, ոմանք որպես «աշկերտ» եկել ու մնացել են, հետո վարպետ են դարձել, ու հենց իրենց լավ աշխատանքի շնորհիվ է, որ մինչ օրս հաճախորդները շարունակում են իրենց ընտրությունն հօգուտ այս վարսավիրանոցի կատարել:
Նա վստահեցրեց՝ քանի դեռ իրենք այս վարսավիրանոցում են աշխատում, այս կոլորիտը չի փոխվի:
Սրտաբաց ու ջերմ ընդունելություն, լիաթոք ծիծաղ, կոլորիտ ու գյումրեցու «խոսք ու խորաթա», գումարած լավ վարսավիր. այս միջավայրը վարսավիրանոցին ճանաչում է բերել նաև Գյումրու սահմաններից դուրս: Իսկական Գյումրին ու իրական «սովետն» այստեղ է մեկտեղված:
Աղբյուր՝ 1