
Աբովյան փողոց (Ալեքսանդրովսկի)
20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլի` ներկայիս Գյումրիի դեմքը Ալեքսանդրովսկի փողոցն էր, որն այժմ կոչվում է Աբովյան: Այն սկիզբ է առնում «Սլաբոդկա» թաղամասից և ձգվում մինչեւ «Ձորի թաղ»: Ալեքսանդրապոլցիների համար պատվի ու հարստության չափանիշ էր այս փողոցում տուն ունենալը: Քաղաքի մեծահարուստները ձգտում էին այստեղ կառուցել իրենց առանձնատները: Մեծահարուստ Ղունկիենց Ղունկի աղայի առանձնատներից մեկը 1878 թ. կառուցվել է Ալեքսանդրովսկի փողոցում, հետո այդ շենքը զբաղեցրել է քաղաքի դատախազությունը: 1988 թ. երկրաշարժից շենքի մի մասը քանդվել է:
Ալեքսանդրապոլի մեկ այլ հայտնի գերդաստանի զավակ, մեծահարուստ Լևոն Դրամփյանն այս փողոցում երկու առանձնատուն է ունեցել, որոնցից մեկը` 1920 թ.-ից ժողդատարանի շենքը, կառուցվել է 1873 թ. և ունեցել 22 սենյակ` իրենց մառաններով, իսկ գրավական արժեքը եղել է 325 հազար ռուբլի: Մինչ այսօր էլ գյումրեցիները բաժանված են 2 խմբի՝ մարդիկ, ովքեր չեն ընդունում փողոցի անվան ներկա տարբերակը՝ հավատարիմ մնալով Ալեքսանդրովսկի տարբերակին, և գյումրեցիներ, ովքեր վաղուց համակերպվել են սիրելի փողոցի անվանափոխման հետ։
Աղբյուր՝ 1