Ո՞ւր Գնալ Գյումրիում

«Օդա» մշակութային կենտրոն

Օդան շա՜տ բան էր պատմում տանտիրոջ մասին: Օդաները եղել են ինքնահաստատման, ինքնադրեւորման միջոց: Սենյակների թիվը պայմանավորված էր ընտանիքի կարողությամբ: Որքան ունեւոր էր ընտանիքը, այնքան շատ էր սենյակների թիվը: Բազմանախշ պատերը եւս խոսում էին գյուղացու ունեւոր լինելու մասին: Այդ ժամանակներում դրսի օդա կամ բուն օդա՝ հյուրասենյակ, շատ քիչ գյուղացիներ են ունեցել: Բուն օդայում՝ հյուրասենյակում, հավաքվում էին գյուղի մեծերը, հարեւան գյուղացիները, զրուցում դես ու դենից, աշխարհից, իրենց հուզող խնդիրներին ու հոգսերին լուծում որոնում, երգում, ասմունքում, հեքիաթներ ու հետաքրքիր պատմություններ պատմում: Օդա էին հրավիրում նաեւ աշուղներին ու գուսաններին:

Օդայի կահույքը փայտե թախտն էր, սնդուկները, առանց թիկնակի աթոռները, բազմաթիվ ու բազմատեսակ գործվածքները՝ գորգերը, կարպետները, թաղիքները/քեչա/, որոնք ծառայում էին որպես ծածկոց, վարագույր, սփռոց: Սենյակը լուսավորում էին ձիթաճրագներով ու ճրագումոմերով: Օդան ջեռուցվում էր օջախ-թոնրի միջոցով, որի շուրջը ձմռանը քուրսի էին սարքում: Հետագայում բուն օդայի՝ հյուրասենյակի կառուցումից հետո էլ շատ դեպքերում քուրսու սենյակը պահպանվում էր որպես օդա-հյուրասենյակ, քանի որ հյուրասենյակը ջեռուցելը շատ ծախսատար ու դժվար էր: Բացի քուրսուց, տաքանալու համար օգտագործում էին նաեւ շարժական կավե ու թիթեղյա վառարանները, որոնց մեջ լցնում էին վառվող ածուխի կտորներ: