
Գյումրու VI դպրոց
1879 թվականի նոյեմբերին Երևանի նահանգապետի և Կովկասի ուսումնական Օկրուգի հոգաբարձության բանակցությունների շնորհիվ Ալեքսանդրապոլում ստեղծվել է իգական պրոգիմնազիա, որն ունեցել է 18 աշակերտուհի։ Դասավանդումն իրականացրել են յոթ ուսուցիչ, իսկ ուսուցման լեզուն եղել է ռուսերենը: 1890-1900 թվականներին այստեղ է դասավանդել Ղազարոս Աղայանը։ 1905-1906 թվականներին պրոգիմնազիան դարձել է գիմնազիա և ունեցել շուրջ 376 աշակերտներ։ Գիմնազիայում սովորել են ազնվականների, առևտրականների, պատվավոր քաղաքացիների ու քահանաների զավակները։
Դպրոցի ներկա շենքը կառուցվել է Նիկոլայ Ցարի և համայնքի կողմից հանգանակված միջոցներով։ 1930 թվականին դպրոցը համարվել է «օրինակելի դպրոց», որտեղ մանկավարժները վարձատրվում էին 25-% ավելի, քան տեղական մյուս դպրոցներում։
1937 թվականին Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-ամյա տարելիցին դպրոցն անվանակոչվել է բանաստեղծի անունով։ 1988 թվականի երկրաշարժից հետո դպրոցը հայտնվում է տնակներում, ապա 2001 թվականին դպրոցը վերականգնվում է ՀՀ և ՌԴ ֆինանսական աջակցությամբ։
Աղբյուր՝ 1, 2